ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից կոչով դիմել է միջազգային գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ՀՀ արևելյան սահմանների հանդեպ ադրբեջանական հերթական ռազմական ոտնձգությունների, այն է՝ հայկական դիրքերն այս պահին ռմբակոծելու սադրիչ գործողություններ վրա:
Հիշեցնենք՝ այսօր, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ծայրահեղ լարված իրադրությունը ժամը 15։00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Նշեվել է, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
«Այս հերթական ապօրինի ռազմական գործողությունները տեղի են ունենում ի շարունակություն նախօրեին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի գործողությունների: Ինչպես հայտնի է ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում նոյեմբերի 15-ին դուրս են եկել ՀՀ տարածքից, միաժամանակ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ևս դուրս են բերվել այդ տարածքից/դիրքերից: Այնուամենայնիվ, նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս այս տարվա մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
Մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի մեր գործընկերներին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված ադրբեջանական հերթական սադրանքի դատապարտմանն ու հետագա գործողությունների կանխմանը:
Ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, միաժամանակ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը եւ հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, խոչընդոտում տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը եւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը մեկնարկին՝ էականորեն վտանգելով ողջ գործընթացը:
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում, կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին հանդես գալ առավել հասցեական եւ թիրախային կոչերով՝ ուղղված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես եւ վտանգավոր գործողությունների դեմ, ինչի բացակայությունը կարող է ընկալվել իբրեւ մեր միջազգային գործընկերների անտարբերություն եւ ստանձնած հանձնառության բացակայություն»,-միջազգային գործընկերներին ուղղված իր ելույթում ասել է իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: