«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը»,-այդ մասին այսօր Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ:
«Տեղի ունեցածի հետևանքով վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը:
Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածքը՝ շուրջ 11 տեղամասում:
Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության, նորանոր տարածքային ու անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության համար» -ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ մայիսի 12-ից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն՝ Հայաստանը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ:
«Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Հայաստանի կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։ Միևնույն ժամանակ ԱԺ պատգամավորներին կոչ եմ անում միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող ու լուսաբանող հայտարարություններով»,-իր հայտարարությունում ընդգծեց իշխանական պատգամավորը:
ԱԺ նիստի և Էդուարդ Աղաջանյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութերում։