Թուրքիան սերտորեն համագործակցում է Իրանի հետ «3+3» ձևաչափի գործարկման հարցում․ Չավուշօղլուն՝ Թեհրանում - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան սերտորեն համագործակցում է Իրանի հետ «3+3» ձևաչափի գործարկման հարցում․ Չավուշօղլուն՝ Թեհրանում

2021-11-15 16:04 , Политика, 1567

Թուրքիան սերտորեն համագործակցում է Իրանի հետ «3+3» ձևաչափի գործարկման հարցում․ Չավուշօղլուն՝ Թեհրանում

Թուրքիան սերտորեն համագործակցում է Իրանի հետ տարածաշրջանային մի շարք հարցերով, այդ թվում՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի գործարկման համատեքստում։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Չավուշօղլուն նշել է, որ ներկայում երկու երկրները համագործակցում են ոչ միայն երկկողմանի հարցերում, այլև տարածաշրջանային, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը։

Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական կողմն ակտիվորեն հանդես է գալիս տարածաշրջանային «3+3» ձևաչափի ստեղծման օգտին, որը պետք է ընդգրկի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)։ Գաղափարն աջակցություն է գտել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կողմից։ Վրաստանը հայտարարում է, որ դեմ է այս ձևաչափին ու առաջարկում նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:

Օրեր առաջ էլ Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարելով, թե Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին, կոչ է արել այդ երկրներին համատեղ քայլ անել և տարածաշրջանում խաղաղություն հաստատել։

Իսկ Հայաստանի դիրքորոշումը «3+3»-ին այն է, որ ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մեր երկիրն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով:

«Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Այսինքն՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով»- Հանրային հեռուստաընկերությանը այդ մասին ս․ թ․ նոյեմբերի 7-ին տված հարցազրույցում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть