«Հայերի ցեղասպանությունն այն փաստն է, որը չպետք է կրկնվի»․ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ - RadioVan.fm

Онлайн

«Հայերի ցեղասպանությունն այն փաստն է, որը չպետք է կրկնվի»․ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

2021-11-15 14:47 , Политика, 916

«Հայերի ցեղասպանությունն այն փաստն է, որը չպետք է կրկնվի»․ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի և խմբի անդամների ուղեկցությամբ նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

«Հայաստանը և Ուկրաինան եղբայրական երկրներ են: Հայերի ցեղասպանությունը մարդկության պատմության այն փաստն է, որը չպետք է կրկնվի: Նման իրողություններն անթույլատրելի են»,-ԱԺ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Արտյոմ Դմիտրուկը:

Ըստ պատգամավորի` Ուկրաինան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ. ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը տարբեր ժամանակներում ստացել են ցավոտ հարվածներ:

«Մենք պետք է բարեկամ լինենք, անհրաժեշտ պահերին օգնության ձեռք մեկնենք միմյանց»,-ընդգծել է ուկրաինացի պատգամավորը:

Գերագույն ռադայի պատգամավորները Հայաստանում են` Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին մասնակցելու նպատակով:

Խորհրդարանի պաշտոնական կայքից միաժամանակ տեղեկանում ենք, որ համաժողովը կայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ այսօր՝ նոյեմբերի 15-ին;

Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ համաժողովը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին: Պատգամավորը կարևորել է հայ համայնքի դերակատարությունն Ուկրաինայի կյանքում` նշելով, որ այն երկրի ակտիվ և կազմակերպված համայնքներից է: Խոսելով ՈՒՀՄ-ի աշխատանքի մասին` Հրաչյա Հակոբյանը նշել է, որ միության գործունեությունը ներառում է մշակութային, մարզական, կրթական ոլորտները, հատուկ ուշադրության են արժանանում լեզվի եւ մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված ծրագրերը: Նրա խոսքով` Հայաստանը և Ուկրաինան մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններ ունեն: Որպես բարեկամական խմբի ղեկավար` պատգամավորը կառուցողական փոխգործակցությունը խորացնելու եւ երկու երկրների շահերին միտված նախագծերի իրականացման հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության գործունեությունը: Պատգամավորի գնահատմամբ` պատահական չէ, որ հայ համայնքը Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ամենաակտիվներից է. հայ եւ ուկրաինացի ժողովուրդների հարաբերություններն ունեն պատմական հենք:

Իրենց ելույթներում հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարեւորությունը եւ հայ համայնքի դերն են ընդգծել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիկտոր Գոնչարը, Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ Դարյա Վոլոդինան: ՈՒՀՄ-ն համաուկրաինական կազմակերպություն է, որի գործունեության հիմքում հայանպաստ նախաձեռնություններին օժանդակելն է:

Հայ-ուկրաինական հարաբերությունների խթանման գործում ակտիվ դերակատարում ունենալու համար Հրաչյա Հակոբյանը պարգեւատրվել է: Պարգեւատրվածների շարքում են եղել նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը եւ խմբի անդամ Դարյա Վոլոդինան:

Лента

Рекомендуем посмотреть