Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:
Այդ մասին տարածած հայտարարությունում շեշտում է ՀՀ Անվտանգության խորհուրդը (ԱԽ)՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն:
ԱԽ-ն «հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ»:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն էլ կոչ է արվում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:
Նշենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ հայտնել է, որ այսօրվանից, տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։