Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել։
Հիշեցնենք՝ պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։