Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հրատարակել են «Երևանը՝ քո գրպանում» ուղեցույցի ռուսերեն տարբերակը, որը կազմվել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ:
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունից Երևան զբոսաշրջիկների նկատելի աճն ու հետաքրքրությունը՝ քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նախաձեռնել է ռուսերենով ուղեցույցի հրատարակումը: Կարծում ենք, որ այն կդառնա անփոխարինելի օգնական ռուսախոս զբոսաշրջիկների համար»,-կայացած շնորհանդեսին նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
«Խորհրդային միության անդամ բոլոր երկրներում շփման ընդհանուր լեզուն ռուսերենն էր: Հետևաբար, այս ուղեցույցը կարևոր է ոչ միայն ռուսաստանցի զբոսաշրջիկների, այլև ավելի մեծ շրջանակների համար»,-իր հերթին նկատել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Նշվում է, որ գրքույկը հարուստ տեղեկատվություն է տալիս մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների, հյուրանոցների, ժամանցի վայրերի, դեսպանատների և հյուպատոսարանների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների և այլ տեսարժան վայրերի մասին , դրանում ներկայացված են նաև քարտեզներ, հեռախոսահամարներ, կայքեր, իսկ մի քանի բաժիններ ներկայացված են նաև QR կոդերով:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի տեղեկացմամբ՝ ուղեցույցները բաժանվում են զբոսաշրջային ընկերություններին, հյուրանոցներին: Դրանք հնարավոր է գտնել ու ձեռք բերել նաև մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում: