10 երեխայի սննդային թունավորումից հետո «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է:
Հիշեցնենք՝ հաղորդվել էր, որ նոյեմբերի 9-ի երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա, որոնք «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչներն, ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել Երևանում գործող նշյալ կենտրոնում (Երևան)․ առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից նմուշներ էին վերցվել՝ լաբորատոր փորձաքննության համար։
Տեսչական մարմնից այսօր հայտնում են, որ վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես, չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:
Բացի այդ՝ կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվելնախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
«Ի դեպ «Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100000 դրամի չափով:
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,-մանրամասնում են ՍԱՏՄ-ից՝ հավելելով, որ կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ: