ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) այսօր հրապարակել է նոր արտահերթ զեկույց՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» վերտառությամբ։
Զեկույցի ուղերձն է՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված ամուր կարգապահությունը մարտունակ բանակի հիմքն է»:
Պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ զեկույցը հատուկ անդրադարձ է կատարել սերժանտական և սպայական կազմերին, կարգապահության ամրապնդման գործում նրանց դերի բարձրացմանը, հրամանատարական այդ օղակներում խնդիրներին և ուծումներին: Առանձին ուսումնասիրվել են նաև կարգապահության ամրապնդման գործում հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի, զորամասի իրավաբանի ու հոգեբանի դերին և նշանակությանը:
«Որպեսզի Զինված ուժերում կարգապահությունը լինի կայուն և երաշխավորված, զինվորականների կողմից «լիազորությունների (ներառյալ՝ պարտականությունների) գրագետ կատարումը» պետք է ուղեկցվի «ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ», իսկ այստեղ պետք է բացառվի «ծառայակցի (ներառյալ՝ ենթակայի) նկատմամբ ոչ արժանապատիվ վերաբերմունքը»:
Զեկույցում առաջարկվում է ամուր կարգապահության ապահովման բանաձև՝ Գ + Պ - Վ = Կ, որտեղ «Գ»-ն լիազորությունների գրագետ կատարումն է (գրագիտություն), «Պ»-ն` ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցումը (պատասխանատվություն), «Վ»-ն` ոչ արժանապատիվ վերաբերմունքը ծառայակցի նկատմամբ (վերաբերմունք), իսկ «Կ»-ն` զինվորական կարգապահությունը: Սա է պրոֆեսիոնալ միջոցների իրականացմամբ զինվորական կարգապահության ամրապնդման ողջամիտ բանաձևը: Նման մոտեցմամբ հնարավոր է ապահովել թե՛ զինվորական կարգապահությունը, թե՛ իրավունքի գերակայության վրա հիմնված մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը
Դրական տեղաշարժերի հետ միասին Պաշտպանի ներկայացուցիչների կողմից զորամասեր այցերի, Պաշտպանին հասցեագրվող բողոքների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել նաև խնդիրներ:
Օրինակ՝ շարունակում է չլուծված մնալ զորամասերում իրավաբանների և հոգեբանների թափուր հաստիքների համալրման խնդիրը, որի արդիականությունը հատկապես պայմանավորված է այդ պաշտոնները զբաղեցնող անձանցից յուրաքանչյուրի կարևոր գործառույթներով:
Անքննելի է, որ կարգապահության ապահովման հարցում զորամասերի իրավաբաններին վերապահված է բացառիկ դեր, իսկ ամենօրյա ռեժիմով զինծառայողների հոգեբանական վիճակին խիստ մասնագիտական մոտեցում և հատուկ ուշադրություն դարձնելու տեսանկյունից անփոխարինելի է հոգեբանների աշխատանքը:
Հետևաբար, հաստիքների համալրման խնդիրը հրատապ լուծում պահանջող է»,-մանրամասնում են ՄԻՊ աշխատակազմից։
Զեկույցում առանձնացված են նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, պրոֆեսիոնալ և որակյալ կադրերի պատրաստման, առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի սկզբունքների, ինչպես նաև նրանց համար կազմակերպվող դասընթացներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Տեղեկացվում է, որ ոլորտի խնդիրները գնահատվել են նաև 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո հետպատերազմյան վիճակի հաշվառմամբ:
«Զեկույցը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում կարգապահության որոշ խնդիրներ, տալիս է գնահատականներ և լուծման կոնկրետ առաջարկներ՝ նպաստելու համար իրավունքի գերակայության վրա հիմնված զինվորական կարգապահության ամրապնդմանը:
Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից:
Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել զորքերում կարգապահության խնդիրներին առնչվող գրավոր և բանավոր բողոքները, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգերը, զորամասեր և զինվորական այլ հաստատություններ Պաշտպանի ներկայացուցիչների արագ արձագանքման այցերը, սպաների և զինվորների հետ առանձնազրույցները, նրանց ընտանիքների հետ հանդիպումներն ու քննարկումները:
Զեկույցի շրջանակներում Զինված ուժերում կարգապահությունը ներկայացվում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ հատկապես ընդգծելով, որ ամուր կարգապահությունը Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման երաշխիք է»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում: