Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական զինավանի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին՝ ի պատիվ Քրիստոսի ծննդյան։
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
«Ցավոք, Ղարաբաղում ռուսական ոչ մի եկեղեցի չի պահպանվել, խորհրդային տարիներին բոլորը բոլշևիկների կողմից ավերվել են, և այս պարագայում ի պատիվ Քրիստոսի Ծննդյան տոնի կանգնեցված ռուս ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,-նշել է Ստեփանակերտի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոդրովը։
Տաճարի բացումից հետո մատուցվել է առաջին աղոթքը։
ՏԱՍՍ-ի մեկ այլ հաղորդմամբ՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի Լեռնային Ղարաբաղ մուտքի առաջին տարեդարձի՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական զինավանի տարածքում բացվել է խաղաղապահի հուշարձանը։
Բրոնզաձույլ հուշարձանը պատկերում է զինված խաղաղապահի՝ «Կալաշնիկով» ինքնաձիգը ուսին, փխրուն աղջկան գրկած, ով նրան ծաղկեփունջ է նվիրում: Նշվում է հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն է։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության շրջանակներում:
Հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը