Ոսկեգույն ստաֆիլակոկ, սալմոնելաներ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և այլն․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) հայտնում են, որ «Տաշիր Պիցցա»-ում սնվելու հետևանքով 179 քաղաքացու թունավորումների պատճառը պարզելու նպատակով իրականացված լաբորատոր հետազոտության արդյունքները պատրաստ են։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան են: Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատի» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ում: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:
Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (ԱՆ ՀՎԿԱԿ), թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից:
-«Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է՝ շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում:
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, ահա, այսօր տարածած համատեղ հայտարարությամբ հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis,ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):
Միաժամանակ նշվում է, որ «Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացվածհիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis:
ՍԱՏՄ տեսուչները նմուշառումներ են կատարել հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ լվացուկներ են վերցվել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից։
Տեղում ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը և հավաքագրվել է տեղեկատվություն օգտագործվող հումքի ծագման վերաբերյալ, իսկ երկու՝ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։
«Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:
-Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝
1. «Կեսար» աղցանի համար թռչնի մսի կիսապատրաստվածքը և հավի խաշած միսը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով՝
2. Հավի կրծքամիսը և Հազարը (մարոլ)՝ սալմոնելաներ ցուցանիշներով,
3. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:
-Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։
Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։
Արդյունքները կհրապարակվեն»,-ասված է ԱՆ-ի և ՍԱՏՄ-ի համատեղ հայտարարությունում: