ՅՈՒՆԵՍԿՕ-ում նախարար Դումանյանը բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի իրացման հարցը - RadioVan.fm

Онлайн

ՅՈՒՆԵՍԿՕ-ում նախարար Դումանյանը բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի իրացման հարցը

2021-11-10 15:21 , Политика, 858

ՅՈՒՆԵՍԿՕ-ում նախարար Դումանյանը բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի իրացման հարցը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հաղորդմամբ՝ հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության ֆինանսավորման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել «Փարիզյան հռչակագիրը», որտեղ կշեշտադրվի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հանձնառության վերականգնումը և դեպի Կայուն զարգացման նպատակ 4-ի առաջընթացի խթանումը:

Տեղեկացվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ նստաշրջանին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպմանը հանդես է գալու հեռավար ելույթով։

«Իր ելույթում նախարար Վահրամ Դումանյանը կարևորելու է կրթությունը՝ որպես կայուն զարգացման բոլոր նպատակների իրագործման հզոր գործիք, և անդրադառնալու է COVID-19 համավարակով ստեղծված ճգնաժամի պայմաններում կայուն նպատակների իրագործմանն ուղղված Հայաստանի քայլերին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրելու է նաև Արցախի Հանրապետության դեմ անցյալ տարի սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար խնդրի վրա և այդ պայմաններում կրթության իրավունքի իրացմանը»,-մանրամասնում են ԿԳՄՍՆ-ից:

Лента

Рекомендуем посмотреть