Ինչո՞ւ է թանկացել կարագը. Դաշնակցությունը վերլուծել է - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ է թանկացել կարագը. Դաշնակցությունը վերլուծել է

2017-12-04 14:29 , Экономика, финансы, 3018

Ինչո՞ւ է թանկացել կարագը. Դաշնակցությունը վերլուծել է

«ՀՀ քաղաքացիները տարեկան սպառում են մոտ 1.5 կգ կարագ, ինչը մի քանի անգամ քիչ է ՌԴ-ից և ԵՄ երկրներից: Վերջին ամիսների ընթացքում կարագի գնի աստիճանաբար բարձրացումը իր հետ բերեց մեր հասարակության հերթական բողոքը, դժգոհությունը: Այժմ 1 կգ տեղական 72 տոկոսանոց կարագի մեծածախ գինը կազմում է 3700 ՀՀ դրամ, իսկ 82 տոկոսանոց նորզելանդականինը՝ 4000 ՀՀ դրամ»,-նշվում է «Կարագի գնի բարձրացման պատճառները։ Մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի իրականացած վերլուծությունում:

Ուսումնասիրությունների համաձայն՝ կարագի գնի բարձրացման վրա ազդել են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք բացատրվում են միզազգային միտումներով և մեր տնտեսության մրցակցային իրավիճակի առանձնահատկություններով:

Եվ այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում կարագի գինը միջազգային շուկայում ավելացել է մոտ 60 տոկոսով, ինչը պայմանավորված է 2016 թվականին ԵՄ-ում և Ավստրալիայում կարագի արտադրության ծավալների կրճատմամբ, համապատասխանաբար՝ 5.5 տոկոս և 18 տոկոս: Ավստրալիայում կարագի արտադրության ծավալները կրճատվել են 2016 թվականի երաշտի պատճառով, ինչի արդյունքում՝ կտրուկ նվազել է անասնագլխաքանակը և կաթի մեջ յուղայնության ասիտճանը, ինչպես նաև այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում և Ասիայում շեշտակի ավելացել է պանրի և սերուցքի պահանջարկը և մթերված կաթի մեծ մասը ուղղվել է այս ապրանքների արտադրությանը: 2016 թվականի ընթացքում Ավստրալիան արտահանել է շուրջ 40 հազար տոննայի կարագ: 2016 թվականի ընթացքում կարագի արտահանման ծավալները 3 տոկոսով նվազեցրել է նաև այս ոլորտում առաջատար երկրներից՝ Նոր Զելանդիան: ԵՄ-ում կարագի արտադրության ծավալների անկմանը նպաստել է ԵՄ-ի կարագի շուկայի ազատականացումը և կաթ արտադրող տնտեսավարողների սուբսիդավորման և այլ արտոնությունների կրճատումը: Արևմտյան Եվրոպայի երկրներում մեծածախ նորզելանդական կարգի 1 կգ-ի գինն իր առավելագույնին է հասել 2017 թվականի սեպտեմբերին՝ 8.075 ԱՄՆ դոլար, հոկտեմբերին՝ 7.05 ԱՄՆ դոլար, նոյեմբերին՝ 5.969 ԱՄՆ դոլար, նույն միտումն է գրանցվել նաև համաշխարհային շուկայում, այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է կտրուկ գնանկում, ինչը, ցավոք, չի դիտվում Հայաստանում:

2017 թվականի վերջին կիսամյակի և 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ԵՄ-ի և Ավստրալիայի կաթի և կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը: Հայաստանի փոքր շուկայի և համակենտրոնացման բարձր մակարդակի պայմաններում գների իջեցումը տեղի կունենա ավելի ուշ` 2018 թվականի առաջիկն կիսամյակի ընթացքում:

Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ և արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Ալեքս Գրիգի» գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ: Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրընթաց բարձրացում և գների իջեցման արգելակող էֆեկտ:

Սովորաբար, տեղական կարագ արտադրողները իրենց կարագի պաշարները կուտակում են ամռան ամիսներին, երբ կաթի գինը ցածր է, կաթի ծավալները՝ մեծ: Ներմուծվող կարագի գնի աստիճանաբար ավելացումը նպաստեց, որ տեղական կարագ արտադրողները իրենք ևս բարձրացնեն գները, քանի որ անփոփոխ գների պայմաններում շատ կարճ ժամանակահատվածում կիրացնեին իրենց կուտակած կարագի ամբողջ պաշարը, ինչի արդյունքում հետագայում՝ մի քանի ամիս, կկորցնեին իրենց իրացման շուկան, չէին կարողանա մատակարարումներ իրականացնել հաջորդ նախատոնական ամիսներին: Բացի այդ, բարձր գների պայմաններում նրանք հնարավորություն ունեին քիչ ծավալ արտադրանք վաճառելով ստանալ ավելի բարձր հասույթ: Այն դեպքում, երբ կարագ արտադրելու համար անհրաժեշտ է իրականացնել կաթի մթերում, եթե ամռանը 1 լիտր կաթը արժեր 130 ՀՀ դրամ, ապա ներակայումս՝ 210-230 ՀՀ դրամ, ինչը կարագ արտադրող տնտեսվարողների համար բարձր գին է, իսկ կարճ ժամանակահատվածում կաթի փոշու ներմուծումը՝ չափազանց դժվար, դրանից արտադրված կարագը՝ ցածրորակ:

Այս տարի Հայաստանում ևս երաշտային տարի էր, որի հետևանքով անասնապահները չկարողացան բավարար քանակությամբ խոտ ամբարել և ստիպված են խոտ ձեռք բերել բարձր գնով կամ կրճատել խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակը: Անասուների խմբաքանակի կրճատման վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաև աննախադեպ արտահանման ծավալների աճը՝ շուրջ 5 անգամ: Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2016 թ. հունվար-հունիս ամիսներին արտահանվել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավոր։

Ներքին շուկայում կարագի գնի բարձրացման վրա ազդում է նաև այն, որ այս ապրանքային շուկայում առկա է հակամրցակցային համաձայնություններ, ինչը արտահայտվում է համատեղ գների սահմանմամբ և շուկան իրար մեջ բաժանմամբ: Բացի այդ, նոր տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է մեծածավալ մարքետինգային և իրացման ծախսեր, ինչպես նաև խոշոր սուպերմարկետների ցանցերի կողմից տնօրինվում է մանրածախ առևտրի 50 տոկոսը և ավելին, ինչը թույլ է տալիս խտրական քաղաքականություն իրականացնել «նորերի» նկատմամբ:

Համեմատության համար պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում սպրեդի և մարգարինի գները չեն աճել: Չնայած, որ դրանք համարվում է կարագի հետ որոշակի աստիճանի փոխադարձ փոխարինելի ապրանքներ: Այս երևույթը բացատրվում է այս ապրանքային շուկայում համեմատաբար բարձր մրցակցային աստիճանով, քանի որ չեն գործում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ:

Տնտեսագիտական տեսանկյունից մենաշնորհ շուկա է այն ապրանքային շուկան, որտեղ գործում է մեկ տնտեսավարող սուբյեկտ, իսկ հանրային ընկալման մեջ մենաշնորհային է դիտվում այն սոցիալական նշանակության շուկան, որտեղ մեկ կամ մի քան տնտեսավարողներ իրականացնում են միասնական կամ համաձայնեցված գնային քաղաքականություն և շուկան բաժանված է մի քանիսի միջև:

Лента

Рекомендуем посмотреть