«Մարդու իրավունքների պաշտպանությունը անհրաժեշտ է 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների բռնկումից հետո»․ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է հուշագիր՝ մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար ներկայացնելով 8 առաջարկություն։
Հանձնակատարը, նշելով, որ հակամարտությունից տուժած տարածքներ մուտքը շատ սահմանափակ է մնում հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունների համար, կարծիք է հայտնում, որ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի առաջնահերթության կարգով։ Ըստ այդմ՝ Հանձնակատարը կոչ է անում բոլոր պատկան մարմիններին՝ մշակել մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան մարդասիրական և մարդու իրավունքների դերակատարներին օգնության ձեռք մեկնել հրատապ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին:
Հուշագրում անդրադարձ է կատարվում նաև ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանմանը։
«Տեղահանված յուրաքանչյուր ոք, ով ներկայումս բնակվում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստիպված լինի վերադառնալ նախկին տունը»,-նշում է հանձնակատարը՝ շեշտելով, որ վերադարձը պետք է լինի կամավոր և պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում, վերադառնալ ցանկացողներին էլ պետք է տրամադրվի հավաստի տեղեկատվություն՝ իրազեկված որոշում կայացնելու համար:
Միյատովիչի գնահատմամբ՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է և սրում է երկու երկրների միջև առանց այն էլ լարված հարաբերությունները։
«Հետևաբար, հրամայական է՝ ապահովել, որ դեռևս գերության մեջ բոլոր գտնվողները ստանան միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև դյուրացվի նրանց ազատ արձակումն ու վերադարձը»,-նշվում է հուշագրում, որում անհրաժեշտ է համարվում նաև անհետ կորածների ընտանիքների կարիքներին, նրանց իրավական, ճշմարտությունն իմանալու իրավունքին առաջնահերթություն տալը։
Հանձնակատարը հատկապես անհանգստացած է բնակեցված տարածքների անկանոն գնդակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց շարքում զոհերի և լուրջ վնասվածքների: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննություն, ինչպիսիք են չկանոնակարգված և/կամ անհամաչափ հարձակումները, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել համարժեք և արդյունավետ փոխհատուցում զոհերի ընտանիքներին։
«Մշտական ագրեսիվ հռետորաբանությունը կամ մյուս կողմին նշելու համար «թշնամի» բառի օգտագործումը միայն նպաստում է բաժանարար գծի տարբեր կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության հավերժացմանը»,-նկատում է հանձնակատարը:
Հանձնակատարը նաև կողմերին կոչ է անում համագործակցել ականազերծման գործընթացի դյուրացման նպատակով։