Արցախի Հանրապետությունում (ԱՀ) տիրող համաճարակաբանական վիճակի առնչությամբ նոյեմբերի 1-ին նախագահի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո նրա հանձնարարականի համաձայն՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող կարանտինային միջոցառումների իրականացման հարցերին։
Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նրա տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Հանրապետությունում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։
Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։
Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում առանձնակի կարևոր է պատվաստման տեսակարար կշիռը բնակչության շրջանում մեծացնելուն ուղղված քարոզչական բաղադրիչը։ Բնակչության կողմից խնդրի չափերի ու նշանակության ճիշտ ընկալման ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կատարելու են մեծ ծավալի աշխատանքներ, շեշտել է Վ․ Բալասանյանը։
Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության նախարարը, պաշտոնատար այլ անձինք։