Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Լյուքսենբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Միաժամանակ հաղորդվում է, որ համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։
Այսօր նախատեսված է նաև Արմեն Սարգսյանի ելույթը:
Հայտնել էինք, որ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Գլազգո է մեկնել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը։
Համաժողովին, որը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր, մասնակցում են բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրից, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։