Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին։
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ նա պնդել է, թե ներկայում շարունակվում են բանակցությունները Հարավային Կովկասում «վեցի հարթակի» (3+3) ստեղծման ուղղությամբ։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,-ասել է Էրդողանը՝ նշելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ:
«Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, սակայն եթե բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ ձևաչափը կստեղծվի ու տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,-միաժամանակ ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ նկատելով, որ նման հարթակի ձևավորումը կնպաստի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ։
Հիշեցնենք՝ «3+3» մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները: Գաղափարն աջակցություն է գտել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՌԴ մասնակցությամբ։ Վրաստանը հայտարարում է, որ դեմ է այս ձևաչափին ու առաջարկում նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
Վերջերս էլ Վրաստանում, պատասխանելով «3 + 3» ձևաչափի մասին հարցին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ «Ռուսաստանը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»։