«Վերջապէս հասած եմ տուն…». 19 տարեկանում ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած Համբիկ Սասունյանը 40 տարի անց Հայաստանում է - RadioVan.fm

Онлайн

«Վերջապէս հասած եմ տուն…». 19 տարեկանում ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած Համբիկ Սասունյանը 40 տարի անց Հայաստանում է

2021-10-30 14:55 , Общество, 1841

«Վերջապէս հասած եմ տուն…». 19 տարեկանում ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած Համբիկ Սասունյանը 40 տարի անց Հայաստանում է

Թուրք հյուպատոսին սպանելու մեղադրանքով շուրջ 39 տարի ամերիկյան բանտում անցկացրած և վաղաժամկետ ազատ արձակված Հայոց պահանջատիրության մարտիկ Համբիկ Սասունյանը Հայաստանում է:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օդանավակայանում նրան դիմավորել են եղբայրը և ընկերները։

Ինքը՝ Համբիկը, հայրենակիցներին հղած ուղերձում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն: Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս: Խորին շնորհակալութիւններս կ’ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ: Վերջապէս հասած եմ տուն…

Սիրով՝ Համբիկ Սասունեան»:

Օսմանյան Թուրքիայում 1915-ին հայերի կոտորածների համար վրեժ լուծելու նպատակով 1982 թ. հունվարի 28-ին, առավոտյան 9։40-ին, Լոս Անջելեսի Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում, այդ ժամանակ 19 տարեկան Համբիկ Սասունյանը, համագործակցի հետ, գնդակահարել է գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին: Հյուպատոսի սպանության մեղադրանքով 19-ամյա Սասունյանը դատապարտվում է ցմահ բանտարկության:

2019 թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի նահանգի Ներման հարցերով հանձնաժողովը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը 2020 թ. մայիսին մերժել էր նրա ազատ արձակման հայցը։ 2021 թ. սկզբին դատարանը որոշեց, որ նահանգապետարանի պնդումները Սասունյանի ազատ արձակման դեմ անհիմն են և վերականգնեց 2019 թ. դեկտեմբերի՝ վաղաժամկետ ազատ արձակման որոշումը։ Պաշտոնական Թուրքիան բացմիցս իր դժգոհությունն էր հայտնել Սասունյանի հնարավոր ազատ արձակման առնչությամբ։

Սասունյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Բեյրությում։ Նրան կասկածում էին «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) գաղտնի կազմակերպության անդամ լինելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть