Վաղվանից դիմակի կրումը պարտադիր է նաև բաց տարածքներում - RadioVan.fm

Онлайн

Վաղվանից դիմակի կրումը պարտադիր է նաև բաց տարածքներում

2021-10-31 17:34 , Общество, 1124

Վաղվանից դիմակի կրումը պարտադիր է նաև բաց տարածքներում

Վաղվանից՝ նոյեմբերի 1-ից, դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում. կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություն է կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում:

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ):

Դիմակի կրման պահաջը բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում պարտադիր չէ հետևայալ պայմանների պարագայում.

  • Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ,
  • Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի),
  • քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,
  • ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը,
  • բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը,
  • հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը,
  • հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը,
  • խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը),
  • հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները,
  • կոգնիտիվ խանգարումները,
  • դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը,
  • ծխելը, խմելը և սնվելը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձանագրելով, որ կորոնավիրուսային վարակով (Covid-19) պայմանավորված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ լարված է, չէր բացառել դիմակների կրման կանոնների խստացումը՝ այդ թվում վերադարձ բաց տարածքներում այն կրելու պահանջին:

Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 16 578 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք, ունենք 1586 առողջացած, մահվան՝ 44 ելք:

Այդպիսով՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի հոկտեմբերի 31-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է 308 326-ի, որոնցից 269 100-ը առողջացած, 6328-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսով վարակված 1295 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 097 421 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть