«Մենք այսօր ծնկաչոք վիճակում ենք, այդպես խաղաղությանն ընդառաջ գնալը կործանարար է». բռնազավթված Տողի դպրոցի 30 տարվա տնօրենը՝ խաղաղության ու ապագայի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մենք այսօր ծնկաչոք վիճակում ենք, այդպես խաղաղությանն ընդառաջ գնալը կործանարար է». բռնազավթված Տողի դպրոցի 30 տարվա տնօրենը՝ խաղաղության ու ապագայի մասին

2021-10-29 21:47 , Общество, 1536

«Մենք այսօր ծնկաչոք վիճակում ենք, այդպես խաղաղությանն ընդառաջ գնալը կործանարար է». բռնազավթված Տողի դպրոցի 30 տարվա տնօրենը՝ խաղաղության ու ապագայի մասին

«Այսօրվա մեր կառավարություն ի՞նչ է մտածում. ուզում ես երկարատև խաղաղություն լինի, հարգելիս, պետք է հզոր բանակ, հզոր պետություն ու հզոր տնտեսություն ունենաս, որ թուրքը քեզնից վախենա։ Այս ձևով շարունակելու դեպքում՝ կործանում է բերելու, կզրկվենք մեր պետականությունից»,-համոզմունքը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում հայտնեց Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի Տող գյուղի 68-ամյա բնակիչ Վլադիկ Ղահրյանը։

Պարոն Ղահրյանը, ով մեկն է տունը թշնամուն թողած հարյուրավոր արցախցիներից, հայաստանյան իշխանությունների հայտարարած «խաղախության դարաշրջան»-ի իրագործման հարցում թերահավատ է, նշում է՝ մենք այսօր ծնկաչոք վիճակում ենք, իսկ այդ վիճակում խաղաղությանն ընդառաջ գնալը կործանարար է:

Թշնամին էլ, նրա գնահատմամբ, երբեք վստահելի հարևան լինել չի կարող:

Հադրութի շրջանի Տող գյուղի ինտերնացիոնալ դպրոցում ադրբեջանցի Նիազ Ջհանգիրովի տնօրինության տարիներին շուրջ 10 տարի՝ 1978-1988 թվականներին ուսմասվար աշխատած պարոն Ղահրյանը հակառակորդին լավ է ճանաչում. «Գիտեմ դրանց պատմությունը, գիտեմ ադրբեջանցու հոգեբանությունը՝ ինչի է ընդունակ։ Նրանք խելքով չեն գործում, գործում են բնազդով, ընկել են՝ կկանգնեն կամաց-կամաց, ոտքերդ կլիզեն, հարմար պահ գտնելուց հետո՝ հարվածն անխուսափելի է»:

Նա պատմում է, որ, աշխատելով ինտերնացիոնալ դպրոցում, որում այդ տարիներին 350 ադրբեջանցի և 150 հայ աշակերտ է ուսանել, ադրբեջաներենին տիրապետելու նպատակով մտերմացել է զինղեկի հետ, հարաբերություններն այնքա՜ն ջերմ է եղել, որ վերջինս իր հայ ընկերոջը հետևյալ խորհուրդն է տվել.

«Երբեք ճանապարհ գնալուց թուրքի առջևից չգնաս, միշտ հետևից կգնաս, մեր արյան մեջ այնպիսի քեն կա, որ մեկ էլ տեսար խփեց գլխներիս՝ ու՝ հարված»:

Հակառակորդին լավ իմանալով էլ՝ 1998-2018 թվականներին Տողի միջնակարգ դպրոցում տնօրեն աշխատած ֆիզիկայի ուսուցիչ Վլադիկ Ղահրյանը մտածել է, որ պատերազմը մի օր վերսկսվելու է, սակայն նման ելք չի էլ կանխատեսել:

Այսօր էլ համոզված է՝ Հադրութը հնարավոր էր պահել, նրա խոսքով՝ անտառներում անօդաչուները անելիք չունեին, կարելի էր դիրքավորվել անտառներում ու այնտեղից հակահարվածնել հասցնել թշնամուն:

«Դավաճանություն էլ կար, իշխանավորներն էլ ավելի շատ սիրում էին փողը, ոչ թե՝ հողը»,-նկատում է նա:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Արցախի ապագան՝ պարող Ղահրյանը պատասխանում է.

«Եթե այսօր կարգավիճակ չկա, եթե ադրբեջանցին հայտարարում և գործով ցույց է տալիս, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, եթե այսօր վտանգված է այնտեղ բնակվող յուրաքանչյուրի կյանքը...կա՛մ Հադրութը պետք է հետ տան, կա՛մ Ստեփանակերտն է գնալու՝ եթե այսպես շարունակվի: Մեր կառավարությունը ի՛ր սահմանները չի կարողանում անխոցելի պահել: Թուրքը ամեն օր փորձում է, առաջ է շարժվում, իսկ մերոնք՝ անգործության մատնված մեր իշխանավորները, չգիտես՝ ինչ հարցեր են շոշափում, փոխանակ հզոր բանակ ստեղծեն, սպառազինությանը ուշադրություն դարձնեն: Նման ձևով չեմ կարող պատկերացնել, որ մի օր Նախիջևանի նման չի դառնա Արցախ աշխարհը»:

Թե ինչպե՛ս երբեմնի Դիզակի մելիքության կենտրոն Տող գյուղի հայկական դպրոցը դարձավ ինտերնացիոնալ, ինչո՛ւ ներկայում կորցրինք Հադրութը, Արցախի անցյալի ու ապագայի մասին Տողի միջնակարգ դպրոցի 30 տարվա տնօրենի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ Արդրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությամբ, որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին։

Համաձայն հայտարարության՝ Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։

Ըստ այդմ՝ արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում նաև Արցախի Հանրապետության մշտական հայկական բնակչություն ունեցած կարևորագույն բնակավայրերից Հադրութի շրջանը: Վերջերս տարածած հայտարարությամբ Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը ահազանգել է, որ Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթարակվել են վանդալիզմի ու թալանի, բոլոր բնակավայրերում էլ հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացավում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար: Գեղամ Ստեփանյանը շեշտել է՝ օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ներկայում ավելի քան 40 հազար արցախցի զրկված է իր տնից: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Կոնգրեսում օրերս հանդես գալով ելույթով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն ընդգծել է, որ չնայած գործադրված ջանքերին, տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունից և ակնկալում է այդ խնդիրների երկարատև լուծումներ։

Հայաստանի կառավարության կողմից իրենց անտեսված համարող Արցախից տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ իրենց փրկությունն այսօր տեսնում են փախստականի կարգավիճակ ստանալու մեջ:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть