«Թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն»,-այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ընդգծելով՝ թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարը քրեաիրավական ոլորտում հայ-իրանական գործակցության առաջնահերթություններից է:
Գլխավոր դատախազության հաղորդագրության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ:
2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի:
Ընդ որում՝ եթե 2017-ից 2020թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021թ. մաքսակետում հայտնաբերվել է 451կգ թմրամիջոց:
Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ Հերոին տեսակի թմրամիջոց։
Նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ: Սկսած 2016 թվականից՝ բայցահայտվել է նման 7 դեպք, որոնցից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: Իրանից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:
Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:
Հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ:
Այդ մասին են վկայում նաև թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային կառույցների արձագանքները: Մասնվարորապես, 2021թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից(ՄԱԹՀՊԳ) ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվելգրություն, որով, գոհունակություն հայտնելով Եվրոպա տեղափոխելու համար Իրանից Հայաստան ներմուծված թմրանյութի մեծաքանակ խմբաքանակը ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտելու և առգրավվելու կապակցությամբ, ՄԱԹՀՊԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին ինչպես տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ Իրանի, նպատակակետ երկրների հետ գործակցությամբ ապացույցների ձեռքբերման եղանակներով:
Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վերջին շրջանի ակտիացումը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության սերտացմամբ: Այդ պայքարի համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման խնդիրը առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել ինչպես 2019թ և 2021թ. փոխադարձ այցելությունների, այնպես էլ միջազգային ընդգրկման մի քանի համաժողովների ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների միջև կայացած հանդիպումների և բանակցությունների օրակարգում:
Մասնավորապես, ԻԻՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև սահմանային մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու հնարավորության և հեռանկարների, ինչպես նաև նման հանցագործություն կատարելու մեջ մերկացված անձանց քրեական պատասխանատվության ենթարկման, պատժի կրման հետ կապված հարցերը: Բացի այդ, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, նման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունների, դրանց շրջանակներում փոխադարձ օժանդակության խնդիրն ընկած է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում:
Վերոնշյալ փաստերը վկայում են, որ թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:
Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում»:
Հիշեցնենք՝ հիշատակված նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, հակադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին՝ ընդգծելով՝ Հայաստանն ու Իրանը արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
Հայաստանում Իրանի դեսպանատունը ևս արձագանքել էր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի՝ հոկտեմբերի 15-ի առցանց նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
«Արմենպրես» գործակալության հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշելով, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին, ընդգծել են, որ միայն ընթացիկ տարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի վերաբերյալ Իրանը Ադրբեջանին 140 դեպքի մասին է հայտնել։