ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, որում ներկայացվել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով (Covid-19) պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակը, անդրադարձել է պետական միջոցառումներից տարածվող նկարների շուրջ քննարկումներին՝ դրանք որակելով շահարկումներ։
«Այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, վերցնում-տարածում են ինչ-որ լուսանկար, որ տեսեք՝ պաշտոնյաները դիմակ չեն կրում: Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ: Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել: Պետք է այս քաղաքականությունն իրականացել: Եվ, ի վերջո, այո, պիտի հստակ ասենք, որ այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն: Շատ կոնկրետ մարդիկ և շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել»,-ընդգծել է կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Մտքերի հայկական գագաթաժողով»-ից հետո՝ ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ մասնակիցների Արմեն Սարգսյանի անունից կազմակերպված ընդունելությանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առանց դիմակի մասնակցության լուսանկարները բուռն քննադատության էին արժանացել ֆեյսբուքյան օգտատերերի տիրույթում, փաստը արձանագրել էին նաև մի շարք լրավականներ։
«Գագաթաժողովի մասնակիցները, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ․ սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի Հավելված 1-ի երկրորդ կետի երրորդ և յոթերորդ ենթակետերի հիմքով, ենթակա չեն վարչական պատասխանատվության»,-լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ պարզաբանել են ՀՀ ոստիկանությունից։