44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիայով ՀՀ կառավարության շենքի առջև էին, որից հետո երթով շարժվեցին դեպի Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակ, այնուհետ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։
«Թվում է, թե կառավարությանը դրել են, որ բոլոր պրոբլեմները սվաղի, մեզանով չեն հետաքրրքվում»,-ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը՝ ընդգծելով, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությոնները ագրեսիա էին, որը դեռ որևէ արժանի գնահատական չի ստացել։
«Մինչև օրս ոչ մի պետություն այդ ագրեսիան չի դատապարտել, ումի՞ց նեղանանք, առաջին հերթին Հայաստանի իշխանությունն ինքը չի դատապարտել, չի դիմում ՄԱԿ-ին, չի դիմում Եվրապական միությանը, չի ասում՝ ագրեսիայի հետևանքով փախստականներ ունենք»,-ընդգծեց Լևոն Հայրյանը, որի համոզմամբ՝ իրենց փրկությունը փախստականի կարգավիճակ ստանալն է։
«Մեր հիմնական պահանջը մեզ՝ որպես փախստական ճանաչելն է, բոլորդ իմացեք, որ մեր փրկությունը այդ կարգավիճակը ստանալն է, որովհետև, ինչպես տեսնում եք, Հայաստանի կառավարությունը մեր հանդեպ իր պարտականնությունները չի կատարում, 4 ամիս է՝ ոչ մի սոցիալական նպաստ չեն տալիս, գոնե ներողություն չեն խնդրում, չեն ասում՝ այ ժողովուրդ, ինչպե՞ս եք յոլա գնում․․․»,-դիմելով ակցիային ներկա Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված բնակիչներին՝ ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահը։
Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը դարձել է աշխարհի տերը ու խանգարում է միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։
Հայրյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ին ուղղված իրենց նամակն անպատասխան չի մնացել, ուրբաթ օրը իրենց բարձրացրած հարցի քննարկման նպատակով հանդիպում կկայանա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Կոնգրեսում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը այսօր իր ելույթում բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների իրավունքների խախտումների մասին։
Խաժակյանի տվյալներով՝ ավելի քան 40 հազար արցախցի զրկված է իր տնից, քանի որ իրենց գյուղերն օկուպացված են ադրբեջանական զինուժի կողմից։
Նա ընդգծել է, որ չնայած գործադրված ջանքերին, տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունից և ակնկալում է այդ խնդիրների երկարատև լուծումներ։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան