«Եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու հարցում անկեղծ կամք դրսևորի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությունից հետո Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության և համապարփակ կարգավորման օգտին: Ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կանցնեն այս աշխարհագրական տարածքով, տնտեսական և առևտրային հնարավորություններ կբացեն ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Կգա մի օր, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք մեկնել Ստամբուլ, Իգդիր և Կարս, տարածաշրջանը տարանցիկ և լոգիստիկ կենտրոնի վերածելու հնարավորությունները կընդլայնվեն։ Ադրբեջանի բոլոր հարևանները, ներառյալ Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կկարողանան օգտվել այս զարգացումից»,-ասել է Թուրքիայի առաջնորդը՝ շեշտելով այդ գործընթացում սահմանների հստակեցման և փոխադարձ ճանաչման անհրաժեշտությունը:
«Հենց այս ընբռնումը պետք է դառնա բարիդրացիական հարաբերությունների հիմքը։ Հայաստանն այս հարցերում պետք է անկեղծ կամք դրսևորի։ Եթե նա բարի կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան նույնպես կառուցողական կարձագանքի ցանկացած դրական քայլի, որն ուղղված է կայուն խաղաղության հաստատմանը։