Իշխող խմբակցությունը մերժեց Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող ընդդիմության հեղինակած հայտարարությունը - RadioVan.fm

Онлайн

Իշխող խմբակցությունը մերժեց Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող ընդդիմության հեղինակած հայտարարությունը

2021-10-27 15:27 , Политика, 1079

Իշխող խմբակցությունը մերժեց Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող ընդդիմության հեղինակած հայտարարությունը

Ազգային ժողովի (ԱԺ) այսօրվա նիստում, որը մեկնարկել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, 26 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով խորհրդարանական մեծամասնությունը չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» ԱԺ հայտարարության նախագիծը։

Հայտարարության նախագիծը ներկայացրեց նախօրեին կայացած փակ քննարկման ժամանակ հարցը զեկուցած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ և123-րդ հոդվածները, ինչպես նաև 26.10.2021 թ. ՀՀ ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքները՝ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Արդբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարեցումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործություններ համարվող գործողությունները, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը, կամ այն գործադրելու իրավական սպառնալիքները, Ադրբեջանի ռազմաքաղաքական և հանրային շրջանակների կողմից հայատյացության չդադարող հռետորաբանությունը, միջազգային հանրությանը խեղաթյուրված և միակողմանի տեղեկատվության ներկայացումը՝

արձանագրում է, որ

Ադրբեջանի կողմից վերը նշված հանցագործությունները շարունակվում են, ուղեկցվելով Հայաստանի և Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով.

սահմանների որոշումը սահմանակից պետությունների որոշելու բացառիկ իրավասության ոլորտն է և, որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա համաձայնության միջոցով, ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի և իրվունքի մասին 1969 թ.-ի Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի՝ ի թիվս այլ դեպքերի առոչինչ է ուժիսպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն.

Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով.

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև ՀՀ ԳԽ 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ, ըստ որի՝ ՀՀ-ն հետևողաբար սատար է կանգնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտանությանը՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ը նշված կլինի Ադրբեջանի կազմում.

Գտնում ենք, որ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջացգային իրավական պարտավորություն հիմք ընդունելու որևէ քարտեզով ամրագրված նման սահմանները.

ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը:Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանեառոչինչ է.

Յութի փոսիդի սկզբունքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերը համաձայնում են այն ընդունելու որպես սահմանազատման հիմք: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:

Պահանջում ենք՝

ՀՀ կառավարությունից զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով.

Ընթացող տարբեր գործընթացների վերաբերյալ խորհրդարանական ձևաչափով ապահովել ԱԺ-ին հավաստի տեղեկատվության տրամադրումը.

ԶՈւ բարեփոխումների և, առհասարակ, անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային, քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարնական տարբեր ձևաչափերով.

Առաջնագծում ապահովել անհրաժեշտ ամրաշինական, ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համակարգերը.

Արագացնել անվտանգության համակարգերի վերափոխումները և արդիականացման գործընթացն՝ այն համահունչ դարձնելով հետպատերազմական շրջանի սպառնալիքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին.

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»,-ասվում էր ԱԺ հայտարարության նախագծում։

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ հայտարարության նախագիծը ԱԺ մեծամասնությունը ստացել է նախորդ օրը՝ օրվա երկրորդ կեսին և իրենք որևէ կերպ ներգրավված չեն եղել հայտարարության կազմման գործում:

Նա ընդգծեց, որ ուրախ կլինեին 0-ից աշխատանքային խումբ ձևավորել և գործընկերների հետ աշխատել նախագծի վրա։ Պատգամավորը նշեց, թե Ադրբեջանի բոլոր հակամարդկային և անօրինական դրույթների հետ համաձայն է, սակայն, ըստ նրա, հայտարարության մեջ տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, որոնք ընդդիմության քաղաքական պայքարի մաս համարվող մոտեցումներ են և դրանք չեն կարող նման հայտարարության մեջ տեղ գտնել:

Պնդելով, որ ՔՊ-ն չի կարողացել համոզել հայտարարության տեքստից հանել նման դրույթները՝ Կոնջոյանը հայտարարեց, որ ԱԺ իշխող մեծամասնությունը չի մասնակցի նախագծի ընդունման քվեարկությանը:

Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ, ըստ կանոնակարգի, նախագիծը կազմում և ներկայացնում է զեկուցողը՝ քննարկման արդյունքների հիման վրա, իսկ հայտարարության մեջ տեղ գտած ներքաղաքական դրույթները ԱԺ վերահսկողական գործառույթի շրջանակում է արվել:

Քվեարկության արդյունում Ազգային ժողովի հայտարարության նախագիծը չընդունվեց:

Лента

Рекомендуем посмотреть