Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը - RadioVan.fm

Онлайн

Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը

2021-10-26 15:10 , Спорт, 1313

Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը

Երևանում՝ Մոսկովյան 3 փողոցում, կկանգնեցվի օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի արձանը։

Այդ մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Ազարյանի արձանը կանգնեցնելու մասին միջնորդությունը ներկայացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Ալբերտ Ազարյանը 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։

1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա, իսկ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից: 1

956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։

1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։

1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։ Այսպիսով՝ մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով:

1964-2000թթ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումները: 2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ: Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

Лента

Рекомендуем посмотреть