Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Արևելյան շրջանը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին, ով նաև «Իրավական ուղի» հասարակակն կազմակեպության համահիմնադիրն է, շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։
Կազմակերպությունից նշում են, որ «Ազատության պատվոնշան»-ը բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է այն անձանց, ովքեր ընդգծված խիզախությամբ ու անձնվիրությամբ պայքարում են հանուն ազատության և արդարության։
Այս մրցանակը նախկինում շնորհվել է Դեսպան Ջոն Էվանսին, Սամանթա Փաուերին, սենատոր Ռոբերտ Մենենդեսին, սենատոր Թեդ Քենեդիին, Կոնգրեսական Նիկի Ցոնգասին, Մորգենթաու ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին, հեղինակավոր պատմաբան Թաներ Աքչամին, Բարոնուհի Քարոլայն Քոքսին, անվանի բժիշկ, հասարակական գործիչ Էրիկ Էսրաիլյանին:
Շնորհման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Արևելյան շրջանի 15-րդ տարեկան հանդիսության ժամանակ։
Վերջին 10 տարիներին «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» (ICLaw) նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել Ադրբեջանի ոտնձգություններից հայերի միջազգային իրավական պաշտպանությանը: Ներկայումս Սիրանուշ Սահակյանը ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ակտիվ աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի զոհերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։