«Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում»,-այդ մասին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին իր հատուկ ուղերձում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ ՛
Նա շեշտել է, որ, թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:
Ինչպես տեղեկացնում են պետնախարարի աշխատակազմից՝ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունն Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում:
Պետնախարարն ընդգծել է Սփյուռքի ծանրակշիռ դերը Արցախի անցյալում՝ համոզմունք հայտնելով, որ ապագա վերականգնման ու զարգացման ուղղությամբ ևս շարունակվելու են համայն հայության միասնական ջանքերը:
Նա ասել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, որքան՝ մարդկային կապիտալի տեսքով, որը կարող է հայրենիքի երկարաժամկետ զարգացման ու զորացման համար լրջագույն հնարավորություններ ստեղծել:
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն էլ իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը: