Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։
Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարությունից՝ նշելով, իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
Տեղեկացվում է, որ ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի։
Նշվում է, որ մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին։
Հեռ։ 091 88 22 22, (+374 10) 65 02 70
Էլ․ հասցե։ [email protected]
«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման»,-ընդգծվում է հաղորդագրությունում։
Մեկ այլ հաղորդագրությամբ էլ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը,«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով:
«Լայնածավալ անտառապատման շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, էկոհամակարգերը և վերականգնել 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված անտառային տարածքները:
Նախարարությունը բարձր է գնահատում ու կարևորում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը:
Յուրաքանչյուրը կարող է նոր կյանք հաղորդել մեր երկրին ու հողին՝ ստանձնելով պատասխանատվություն մեր երեխաների և ապագա սերունդների էկոլոգիապես անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի համար:
Վերոնշյալ առաջարկությունը քննարկելու նպատակով սույն թվականի հոկտեմբերի 22-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանի գլխավորությամբ հանդիպում-քննարկում է կայացել՝ նվիրված «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը:
Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի,«Սիսկո Սիսթեմս Արմենիա» ՍՊԸ-ի և «Արիդես» ՍՊԸ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ»,-ասված է տարածած հաղորդագրությունում։