Ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև-Աղվանի ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ հայտնելով, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված՝ ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։
«Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,-գրել է փոխվարչապետը։
Նշենք՝ օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։