ՊՆ-ն կրկին կոչ է անում ՄԻՊ-ին ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն կրկին կոչ է անում ՄԻՊ-ին ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

2021-10-22 16:49 , Политика, 979

ՊՆ-ն կրկին կոչ է անում ՄԻՊ-ին ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)՝ հոկտեմբերի 21-ի արած հայտարարությանը՝ վերահաստատելով իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ։

Հիշեցնենք՝ ՄԻՊ Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ի հայտարարությունում նշել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական ԶՈւ ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի մեծացել է, ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը, անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ։ Թաթոյանն ընդգծել էր, որ ներկայացված տվյալները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փատահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են հավաստի ապացույցներով ու ստուգված են մի քանի աղբյուրով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ՄԻՊ-ի վերոնշյալ հայտարարությունում ներկայացրած իրավիճակը իրականությունից կտրված էր որակել՝ ընդգծելով, որ Ադրբեջանական զինուժը Գեղարքունիքում ինժեներական ակտիվ աշխատանքներ չի իրականացնում, նոր ճանապարհներ չի կառուցել, հայկական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է, ավելին, ըստ ՊՆ-ի, «նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից։

Արման Թաթոյանը, ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման, երեկ հրապարակել է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ։

ՊՆ-ից էլ, ահա, այսօր տարածած հայտարարությամբ շեշտում են, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական զինուժի կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։

Պաշտպանական գերատեսչությունը, միաժամանակ հայտնում է, որ խնդրի շուրջ «այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։

Лента

Рекомендуем посмотреть