Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարում է Համահայկական երիտասարդական դիմադրություն շարժում սկսելու մասին։
Տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի և Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետևողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։
Նկատի ունենալով,
• թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,
• ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,
• Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին և այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝
ՀՅԴ Երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․
1. Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին,
2. Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին,
3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,
4. Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի և Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․ ՀՅԴ Երիտասարդականի կազմակերպած «Արցախի վերականգման ու զարգացման» և «Դեպի Սյունիք» ծրագրերը այս աշխատանքի լավագույն ապացույցներն են,
5. Ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ։
Սիրելի՛ երիտասարդներ,
Կոչ ենք ուղղում բոլորիդ՝ միանալ այս շարժմանը այս ճակատագրական օրերին, բոլորս՝ իրավունք չունենք մատնվելու հանցավոր անգործության։ Զարթոնքի և ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է»:
Հիշեցնենք՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 10-15 ներկայացուցչի մասնակցությամբհոկտեմբերի 7-ին կառավարության գլխավոր մասնաշենքի առջև նախատեսված խաղաղ ակցիան դեռ չսկսված՝ ավարտվել էր, քանի որ ոստիկանությունը, որը զգուշացրել էր բարձրախոս չօգտագործել կառավարության աշխատանքը չխաթարելու համար, նախ բերման էր ենթարկել բարձրախոսով խոսող Տարոն Ղազարյանին, ապա՝ դրանից հետո լրագրողներին հարցազրույց տվող Գոռ Սարգսյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հայտարարել էր, որ ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում կա վարվող քաղաքականության դիմադրություն, դրա սերմերը կան, և իրենց գործն է փայփայել այդ սերմերը, մեծացնել, իսկապես ցույց տալ, որ այս քաղաքականությունը Հայաստանում չի հաջողելու։