«Պատրաստ ենք ծնողներով մի տարի էլ սպասել՝ մենակ թե Ադրբեջանը հաստատի, որ մեր երեխաները գերության մեջ են»․ անհետ կորածների ծնողները կառավարության շենքի առջև էին - RadioVan.fm

Онлайн

«Պատրաստ ենք ծնողներով մի տարի էլ սպասել՝ մենակ թե Ադրբեջանը հաստատի, որ մեր երեխաները գերության մեջ են»․ անհետ կորածների ծնողները կառավարության շենքի առջև էին

2021-10-20 19:18 , Общество, 1052

«Պատրաստ ենք ծնողներով մի տարի էլ սպասել՝ մենակ թե Ադրբեջանը հաստատի, որ մեր երեխաները գերության մեջ են»․ անհետ կորածների ծնողները կառավարության շենքի առջև էին

2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած, գերության մեջ գտնվող անձանց հարազատներն այսօր կրկին ՀՀ կառավարության շենքի առջև էին։

Նրանց ընդառաջ եկավ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը, մի քանիսին ուղեկցեց կառավարության շենք։

Մինչ ներսում քննարկում էր ընթանում, դրսում սպասող ծնողները չէին ցանկանում խոսել, նկարահանվել, իսկ շուրջ երկու ժամ անց կառավարության շենքից դուրս եկած ծնողները չմանրամասնեցին, թե ում հետ են հանդիպել, ինչ է ասվել։

Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը, ով ևս նրանց հետ դուրս եկավ, նույնպես մանրամասներ չհայտնեց հանդիպումից, ասաց՝ նմանատիպ հարցերի չի ուզում պատասխանել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ լրագրողների հետ շփման ժամանակ բազմաթիվ խոսքերից կառչում են, հնչեցված խոսքերն ուղղվում են թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության, թե՛ ծնողների դեմ։

«Գործում է միջգերատեսչական հանձնաժողով, և բոլոր համապատասխան կառույցները և ղեկավարները զբաղվում են։ Էդքանը կարող եմ ձեզ ասել»,-հավելեց վարչապետի օգնականը՝ ընդգծելով, թե գերիների, անհետ կորածների վերաբերյալ հանրությունը պետք է իմանա այնքան, ինչքան թույլ կտան այդտեղ հավաքված ծնողները։

«Կազմակերպություններ, լրատվամիջոցներ կան, որոնք շահարկում են ծնողների վիշտը»,-ասաց Իսախանյանը։

Այդուամենայնիվ, խոսեցինք ներկա ծնողներից մեկի հետ, ով «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց, որ մեկ տարի է՝ գալիս են կառավարություն, լսում են հուսադրող խոսքեր, հիմա էլ ուզում են իմանալ, թե իրենց երեխաների ճակատագիրը ինչ է լինելու։

Անդրադառնալով երեկ Բաքվից վերադարձած գերիների փաստին՝ որդուն փնտրող հայրը նշեց․

«Պատրաստ ենք ծնողներով մի տարի էլ սպասել՝ մենակ թե Ադրբեջանը հաստատի, որ մեր երեխաները գտնվում են գերության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ռուսական կողմի միջնորդությամբ երեկ Բաքվից հայրենիք վերադարձավ Հայաստանի 5 քաղաքացի: Ի դեպ, գերիների վերադարձի մասին հայաստանյան պաշտոնական աղբյուրները նախապես չէին հայտնել, նրանց դիմավորողների թվում ևս հայ պաշտոնյաներ չկային, դիմավորողների թվում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին ու ներկա հրամանատարները։

Հավելենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть