ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա է գործուղվում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։
Նշենք՝ Մոսկվայում սպասվում է տրանսպորտային ապաշրջափակման հարցերով է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ խմբի հերթական հանդիպումը։
Նշենք՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ օրակարգում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցերն են։
«Որոշակի պատկերացումներ են ձևավորվել երկաթգծի մասով, նախնական համաձայնություն կա, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի ԱՊՀ երկրների կարգավորումների բազայի շրջանակներում։ Մենք պետք է քննարկենք ավտոճանապարհների հարցերը։ Հայաստանի առաջնահերթությունն է տրանսպորտային բոլոր ուղիների ամբողջական ապաշրջափակումը»,-մասնավորապես, ասել էր նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացվել էր, որ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խումբը, որը դադարեցրել էր աշխատանքները ադրբեջանական զորքի՝ ՀՀ պետական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում մայիսին ներխուժելու պատճառով, օգոստոսի 17-ին վերսկսել է աշխատանքները։
Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ս․թ․ հունվարի 11-ին՝ ստորագրած հայտարարության շրջանակում։