Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախկին դեսպան Ջոն Էվանսն իր թվիթերյան էջում լիարժեք հիմնավորված է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)՝ Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։
Էվանսը, մասնավորապես, հղում է արել Արման Թաթոյանի՝ հոկտեմբերի 18-ի հայտարարությանը, որում Պաշտպանը, փաստերի հիման վրա, նշել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի մեծացել է, ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը, անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ։ Ընդգծելով, որ նրանց ներկայությունը խաթարում էմարդկանց խաղաղ կյանքը, Արման Թաթոյանը կրկին բարձրաձայնել էր ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին:
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարծես, միակ հայ պաշտոնյան է, ով կանգնած է բնակչության համար: Սահմանների շուրջ ապառազմականացված գոտու ստեղծումը լիովին արդարացված է այս պահին»,-գրել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը։
Հիշեցնենք՝ երեկ տարածած հայտարարությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ՀՀ ՄԻՊ-ի վերոնշյալ հայտարարությունում ներկայացրած իրավիճակը իրականությունից կտրված էր որակել՝ ընդգծելով, որ Ադրբեջանական զինուժը Գեղարքունիքում ինժեներական ակտիվ աշխատանքներ չի իրականացնում, նոր ճանապարհներ չի կառուցել, հայկական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է, ավելին, ըստ ՊՆ-ի, «նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից։