Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Գորդոն Գրլիչ-Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները։
«Հայկական կողմը ևս գործնական քայլեր պետք է ձեռնարկի այդ ուղղությամբ»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միաժամանակ ընդգծել է Բայրամովը՝ հավելելով, թե հուսով է, որ հայկական կողմից ստացվող դրական ուղերձները նաև գործնական արդյունքներ կտան։
Բայրամովը, սակայն, չի մանրամասնել, թե Բաքուն կոնկրետ ինչ քայլեր է արել հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Օրեր առաջ էլ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահն էր հայտարարել, որ Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումը մասնակիորեն սկսվել է։