ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:
ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Նշենք՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով։
Երեկ Հայաստանի ու Ուկրաինայի օմբուդսմանները հանդիպել են Հանրապետության նախագահին։