Այսօրվանից Երևանի, Սևանի և Հրազդանի մի քանի բուժկենտրոններում կառանձնացվեն Covid-19-ի բուժման նոր բաժանմունքներ, մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից Երևանի, Սևանի և Հրազդանի մի քանի բուժկենտրոններում կառանձնացվեն Covid-19-ի բուժման նոր բաժանմունքներ, մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով

2021-10-18 17:40 , Политика, 1334

Այսօրվանից Երևանի, Սևանի և Հրազդանի մի քանի բուժկենտրոններում կառանձնացվեն Covid-19-ի բուժման նոր բաժանմունքներ, մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) բուժման նպատակով ծավալվել է 22 բժշկական կենտրոն, առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի:

Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հոկտեմբերի 16-ին կայացած խորհրդակցությանը։

Նշվել է, որ Երևանի, Սևանի և Հրազդանի մի քանի բժշկական կենտրոններում (ԲԿ) այսօրվանից՝ հոկտեմբերի 18-ից կառանձնացվեն կորոնավիրուսի բուժման նոր բաժանմունքներ:

«Ներկայումս ԲԿ-ների ստացիոնար բաժանմունքներում զբաղված է 2019 մահճակալ, ևս 382 մահճակալ զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում: Ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222 մարդ, ևս 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին»,-ասել է նախարարը:

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդակցությանը, միաժամանակ քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների հետևողական իրականացմանն ու դրանց արդյունավետության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր: Այդ համատեքստում կարևորվել է պատվաստման գործընթացի տեմպերի, ենթակառուցվածքային հզորությունների շարունակական ավելացումը, հատկապես փակ տարածքներում դիմակների կրման գործընթացի ուղղությամբ խիստ վերահսկողության ապահովումը:

Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվորեն շարունակել հակահամաճարակային կանոնների խախտումների դեմ պայքարը, նոր թափ հաղորդել պատվաստումների գործընթացի խթանմանը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու նպատակով: Այս համատեքստում կարևորվել է հանրային լայն իրազեկումը:

Հիշեցնենք՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը՝ համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Անահիտ Ավանեսյանը կայացած խորհրդակցությանը նշել է, որ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում աճել է նաև դրական պատասխանների թիվը: Սա նրա խոսքով, նպաստում է նաև վարակի վաղ հայտնաբերմանն ու հետագա տարածման կանխարգելմանը:

Օրերս Ավանեսյանը հայտնել էր, որ փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ։

Հայաստանում պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ, լիարժեք, այն է՝ երկու դեղաչափ պատվաստված է 184 954 քաղաքացի, իսկ ընդհանուր առմամբ, կատարվել է 588 385 պատվաստում։

Лента

Рекомендуем посмотреть