Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում մեքենաներից ազատվում է ևս մեկ հրապարակ։ Խոսքը Մերգելյանի այգու դիմաց գտնվող Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակի մասին է, որը մեկ տասնամյակից ավելի փաստացի ծառայում էր որպես ավտոկայանատեղի, իսկ հանգստյան օրերին՝ գյուղմթերքի շուկա:
Արաբկիր վարչական շրջանի միակ հրապարակի նպատակային նշանակությունը վերականգնելու նպատակով այժմ իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, հետագայում տարածքի բարեկարգման համար կհայտարարվի նաև նախագծի ու բարեկարգման մրցույթ:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի փոխանցմամբ՝ մրցույթին ներկայացված լավագույն առաջարկները կօգտագործեն տարածքում ինչպես կանաչապատ, այնպես էլ ջրային հատված ունենալու նպատակով, կտեղադրվեն նստարաններ, որպեսզի այն ծառայի բնակիչների հանգստին ու հանրային միջոցառումներ կազմակերպելուն:
«Այս տարածքով մենք մեկնարկում ենք նաև Մերգելյանի այգու բարեկարգումը, կա այգուն վերաբերող հանրային մեծ պահանջ»,- նշում է նա։
Քաղաքապետարանից նշում են, որ, մինչ Մերգելյանի այգու բարեկարգման ծրագրի մեկնարկը, վարչական շրջանի մյուս՝ «Նոր Արաբկիր» զբոսայգին շուտով նոր հարմարություններով կներկայանա բնակիչներին:
Ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգին» Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է, արդյուքնում շուրջ 3 հա տարածք զբաղեցնող հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ, կկառուցվեն թեքահարթակներ, կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, կվերանորոգվի «Նոր Արաբկիր» հուշարձանը, կբարեկարգվեն ճեմուղիները: Այգին ապահովված կլինի նստարաններով, զրուցարաններով, կկառուցվեն սանհանգույցներ:
Հիշեցնենք՝ այս տարվա Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ որ մայթային հատվածը հետիոտնին վերադարձնելու և մեքենաների կայանումը մայթերին բացառելու նպատակով մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը, որի շրջանակում 2021-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, ընդհանուր առմամբ, կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ: