Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կատարի փոխվարչապետ, արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահմանի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը ձգձգում է եռակողմ հայտարարությունների կատարումը՝ խաթարելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։
Նա ընդգծել է, թե 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ստորագրած եռակողմ հայտարարության գլխավոր հարցերից մեկը երկու երկրների միջև հաղորդակցության բացումն է, որի հարցում, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, իրենք հանդես են գալիս կառուցողական դիրքորոշմամբ, սակայն հայկական կողմից որևէ արդյունավետ քայլ չեն տեսնում:
«Ցավոք, դեռ չի հաջողվել հասնել կոնկրետ արդյունքների։ Սխալ մոտեցում ենք համարում գործընթացի ձգձգումը: Ադրբեջանը սպասում է ավելի կոնկրետ քայլերի: Չնայած Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում որոշ դրական ուղերձներով են հանդես գալիս, այդուամենայինիվ, մինչ այժմ արդյունավետ քայլեր չեն նկատվում»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը։