«Փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ երեկվա տվյալով՝ ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական են եղել:
«Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին»,-գրել է նախարարը:
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։