Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր գումարված Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Այդ մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ չմանրամասնելով, թե հանդիպմանը ինչ է քննարկվել։
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Մինսկում Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
«Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հաջորդ տարի անցկացվելիք միջոցառումները:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ»,-Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունն են մեջբերում տեղի լրատվամիջոցները։
Հայտնել էինք, որ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-15-ը գտնվելու է Մինսկում։
Այսօր, ԱՊՀ պետությունների գործընկերների հետ հանդիպմանը, Միրզոյանը շեշտել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։