«Standard & Poor’s» կազմակերպությունը վարկանշել է Հայաստանի Հանրապետությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով: Առաջին տարին է նաև, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ «Moody’s»-ը, «Fitch»-ը և «Standard & Poor’s»-ը: Ընդ որում, եթե «Moody’s»-ի և «Fitch»-ի վարկանշավորումը սուվերեն էր և վերաբերում էր միայն Հայաստանի Հանրապետության վարկունակությանը, ապա «Standard & Poor’s»-ի այս վարկանիշի առանձահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն միաժամանակ սահմանել է նաև փոխանցման և փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար: Վերջինս սահմանվել է B, B-, ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները, «Standard & Poor’s» -ի կողմից վարկանշվելու դեպքում, կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ»-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով անդրադառնալով «Standard & Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին վարկանիշ շնորհելու վերաբերյալ երեկ հայտնի դարծած լուրին։
Ի դեպ՝ մոտ 1,5 ժամ տևած նիստում գործադիրի անդամները մոտ կես ժամ քննարկեցին ու մեկնաբանություններ արեցին թեմայի վերաբերյալ, որը վերաբերում է վարկ ստանալու ավելի բարենպաստ պայման ստանալու հնարավորություն ընձեռող վարկանիշին։
«Այսինքն՝ նախ Հայաստանի Հանրապետությունը, նաև այս համատեքստում մասնավոր ընկերությունները եթե դրսից ֆինանսներ, այսինքն՝ վարկեր ներգրավելու անհրաժեշտություն ունեն, այս վարկանշման արդյունքում ավելի էժան վարկեր կստանան: Ինչո՞ւ: Որովհետև երբ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները գնահատում են երկիրը որպես հուսալի գործընկեր՝ ելնելով ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական կայունության ցուցանիշներից, այդ պարագայում շուկաներում ավելի ցածր տոկոսով են նրանց գումարներ առաջարկվում:
Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ վերջին տարիներին մենք 2 անգամ եվրոբոնդերի թողարկում ենք իրականացրել, և երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել: Ընդ որում՝ վերջին անգամ թողարկումն իրականացրել ենք հունվարին, երբ շատ ծանր շրջանում էինք գտնվում: Եվ, այնուամենայնիվ, միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը՝ պահպանելու մակրոտնտեսական կայությունը և հաղթահարելու ճգնաժամը: Արդյունքում միջազգային ներդրողները ճիշտ դուրս եկան: Այս ինստիտուտների գնահատականը շատ կարևոր է, որովհետև պոտենցիալ ներդրողները, որոնք շատ կոնկրետ բան ունեն կորցնելու, նրանց գնահատականն ունենում է շատ ավելի ընդարձակ ազդեցություն ընդհանուր իրավիճակի վրա, և սա իսկապես չափազանց կարևոր է»,-հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստի՝ այդ թեմային առնչվող քննարկման մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում, իսկ սղագրությունը՝ վարչապետի պաշտոնական կայքում