ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման ևս մեկ կարևոր ձևաչափ է․ Զախարովա - RadioVan.fm

Онлайн

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման ևս մեկ կարևոր ձևաչափ է․ Զախարովա

2021-10-14 15:06 , Политика, 1028

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման ևս մեկ կարևոր ձևաչափ է․ Զախարովա

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման և վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ևս մեկ կարևոր ձևաչափ է:

Այս մասին այսօր, Եվրասիական կանանց ֆորումում ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նկատելով, որ կրոնական առաջնորդների այդ հանդիպումը առաջինը չէ, նրանց շփումները տասնամյակների պատմություն ունեն։

Նա շեշտել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստագույն պահպանման օգտին։

Իսկ հոկտեմբերի 13-ին տարածաշրջանի հոգևոր առաջնորդների մոսկովյան հանդիպում, Զախարովայի համոզմամբ, կխթանի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը:

Այս և այլ թեմաների շուրջ Զախարովայի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն։

Այն, իր ձևաչափով, 1988 թվականից սկսած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ 17-րդ հանդիպումն էր, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրաձայնել է ռազմագերիների խնդրի, Արցախի դեմ արգելված զինատեսակների կիրառման հետևանքների մասին։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունում էլ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը կոչ է արել հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործնթացին և թույլ չտալ արգելված զենքի գործածումը, որը սպառնալիք է խաղաղ բնակչության կյանքի համար:

Лента

Рекомендуем посмотреть