«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին. դա վերաբերում է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքին: Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս, Վրաստանով դեպի Ռուսաստան, գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է: Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ապա իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը: Այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում: Հուսամ՝ մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»,-այդ մասին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քննարկել են, արդյոք, հնդկական կողմի երկու խոշորագույն՝ Պարսից Ծոց-Սև Ծով և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների նախաձեռնությունները։
Համատեղ մամլո ասուլիսում Հնդկաստանի ԱԳ նախարարը շեշտեց․
«Մենք բոլորս ավելի մեծ կապակցվածության կարիք ունենք, քանի որ նոր արտադրողական կենտրոններ են ի հայտ գալիս աշխարհում։ Մենք տեսանք վերջերս, թե ինչ տեղի ունեցավ Սուեզի ջրանցքում, որքանով միջադեպը խաթարեց Եվրոպայի, Ասիայի միջև առևտուրը։ Մեզ համար տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են և մեծ գերակայություն է տրվում դրանց։ Գնահատում ենք նաև Հայաստանի մասնակցությունը դրանում, որը կավելացնի լրացուցիչ տարբերակներ, հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է»։
Խոսելով Իրանում Չաբահար նավահանգստի կարևորության մասին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի Հյուսիս-Հարավ միջանցքին Իրանից ու նորառևտրային ուղիներ կստեղծի, որոնք ցամաքային են ու ավելի արդյունավետ են, քան առկա ծովային ուղիները։
«Չաբահարի նավահանգիստն Իրանում զարգացնում է Հնդկաստանը և մեզ համար բացում մի կողմից ճանապարհ դեպի Կովկաս, և նաև արահետ է բացում դեպի Կենտրոնական Ասիա։ Սա հանդիսանում է նախաձեռնության մաս, որի շուրջ մենք աշխատում ենք»,-հստակեցրեց Հնդկաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Միրզոյան- Ջայշանկար համատեղ մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։