Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ Հայաստան պաշտոնական այցին ընդառաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք է ներկայացրել:
Ընդգծվում է, որ ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը դինամիկ զարգանում են, և կան համապատասխան հիմքեր՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցության առավել առաջմղման համար:
«Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր։
Երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև հաստատված է քաղաքական խորհրդակցությունների արդյունավետ շարունակական փորձ։ Գործում է նաև հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը։
1992թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է արձանագրություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները սկսել են աշխատել 1999 թվականից: Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Յուրի Բաբախանյանը (2021թ. մարտի 15-ից): Հայաստանում Հնդկաստանի դեսպանն է Քիշան Դան Դեվալը (2019թ. օգոստոս):
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 34 փաստաթուղթ: Եւս 7-ը գտնվում են քննարկման փուլում:
Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու-Դելիում:
2003թ. մայիսի 23-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում շփումների ու փոխայցելությունների արդյունավետ փորձ։
2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանի արտահանումը կազմել է 72.4 մլն. ԱՄՆ դոլար:
Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև փոխօգնության և համատեղ աշխատանքների արդյունավետ փորձ է ձևավորվել COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում:
Հնդկաստանը համահեղինակել է ՀՀ կողմից հեղինակած և 2015 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առաջադրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» բանաձևը»,-ասված է ԱԳՆ հրապարակած տեղեկանքում:
Հայտնել ենք, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու հոկտեմբերի 12-13-ը: