Վրաստանը կշարունակի միջնորդի ակտիվ դերը Երևանի և Բաքվի միջև. Ղարիբաշվիլին հիշեցրել է «գերիներ քարտեզների դիմաց» նախադեպը - RadioVan.fm

Онлайн

Վրաստանը կշարունակի միջնորդի ակտիվ դերը Երևանի և Բաքվի միջև. Ղարիբաշվիլին հիշեցրել է «գերիներ քարտեզների դիմաց» նախադեպը

2021-10-12 17:00 , Политика, 952

Վրաստանը կշարունակի միջնորդի ակտիվ դերը Երևանի և Բաքվի միջև. Ղարիբաշվիլին հիշեցրել է «գերիներ քարտեզների դիմաց» նախադեպը

Երևան այցելությունը «շատ հաջող» էր, Վրաստանը կշարունակի միջնորդի ակտիվ դերակատարումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

EADailyփոխանցմամբ՝ այս մասին Բաթումում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ինչպես գիտեք՝ իմ նախաձեռնությունն է համագործակցություն սկսել տարածաշրջանում և նոր հարթակ ստեղծել, որի շրջանակում մենք՝ երեք երկիր, սերտ համագործակցություն կսկսենք, և Վրաստանը, և մենք մեծ դեր ենք խաղում այդ գործընթացում: Մենք արդեն միջնորդության հաջող նախադեպ ենք ստեղծել հունիսին, երբ իմ անմիջական ջանքերի շնորհիվ և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնությամբ, մեզ հաջողվեց ազատել գերիների և քարտեզներ փոխանցել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ»,-ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ Երևանում քննարկումների հիմնական թեմաներից մեկը «տարածաշրջանի ձևաչափով համագործակցությունն է»:

Նշենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 9-ին։ Նրան ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունից միայն հայտնել էին, որ «զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ, վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»:

Ի դեպ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Հայաստան շատ աննկատ է անցել։

«Կողմերը միայն կարճ հաղորդագրություն են տվել նրա այցի մեկնարկի մասին։ Իսկ թե հետո ինչ է քննարկվել, ինչ է որոշվել ու ինչ էին նախօրեին այդքան երկար «Ծիրանի» ռեստորանում նշում Փաշինյանն ու Ղարիբաշվիլին, հայտնի չէ։ Երկու երկրների կառավարությունների մամուլի ծառայությունները որոշել են լռել։

Մինչդեռ, պարոն Ղարիբաշվիլու այցը պետք է որ շատ բովանդակային լիներ։ Նախ, հետաքրքիր է՝ վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա։ Երկրորդ՝ ավելի կարևոր հարցը վերաբերվում է այսպես կոչված «3+3» տարածաշրջանային համագործակցության նոր նախագծի հեռանկարներին։ Վրաստանի արտգործնախարարը 3 օր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համագործակցելն այդ ֆորմատում իրենց համար հեշտ չի լինի, բայց դա անհրաժեշտ է։ Ինչու՞ է անհրաժեշտ։ Ու՞մ է անհրաժեշտ։ Վրաստանին, թե՞ Թուրքիային, որն այդ նախագծի իրական ու ամենամեծ շահառուն է։

Մի քանի օր առաջ ես արդեն գրել եմ այն մասին, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ի դեմս Վրաստանի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթակ է փորձում ձևավորել։ Ղարիբաշվիլին, կարծես, հաճույքով է մտել այդ բեռի տակ։ Նա ակտիվ շփվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ ու, երևում է, արդեն իսկ շահել է բոլորի վստահությունը։

Երրորդ կարևոր խնդիրը Իրանի նախաձեռնած «Պարսից Ծոց - Սև ծով» տրանսպորտային միջանցնքն է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Ի՞նչ դիրքորոշում ունի սրա հետ կապված Վրաստանը։ Կա՞ արդյոք հստակություն։ Կկարողանա՞ արդյոք պաշտոնական Թբիլիսին դիմակայել թուրք-ադրբեջանական, նաև Արևմուտքի ճնշմանն այս նախագծի հետ կապված։

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները շարունակում են խորհրդավոր լռություն պահպանել բոլոր այս հարցերի մասով։ Միայն կենացներ ու բարեմաղթանքներ։ Մինչդեռ ակնհայտ է, որ տարածաշրջանում լուրջ վերափոխումների շրջան է, և Վրաստանն այդ ամենում մեծ դերակատարություն ունի։ Իսկ թե երբ հանրությունը կտեղեկացվի իր իսկ համար ճակատագրական նշանակություն ունեցող որոշումների ու այս գործընթացների մասին, թերևս միայն Աստված գիտե»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր քաղաքագետը։

Лента

Рекомендуем посмотреть