Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը և պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:
Այդ մասին այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը։
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարար Խաչատրյանը դեպանին ներկայացրել է կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև՝ Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման և հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և բիզնես ներդրումների ներգրավման և այս ուղղությամբ երկու երկրների միջև փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաև կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: