Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին. Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրել է, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:
«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,- Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մանրամասնել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնական նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասել է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:
Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ:
Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա, ընդգծում են քաղաքապետարանից, աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:
«Ամբողջ Եվրոպայում բոլոր կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր: Այն բրնձի հատիկի չափ է և տեղադրվում է մաշկի տակ: Չիպն ունի 15 նիշերով չկրկնվող համար` նույնականացման կոդը: Այս գործընթացը որևէ վնաս չի տալիս կենդանուն: Ստուգել նունականացման համարը հնարավոր է հատուկ սարքի միջոցով: Սա ամենակարևոր գործընթացն է, որի միջոցով կարողանում ես միանգամից պարզել կենդանու տվյալները, բժշկական միջամտությունները, և իհարկե, թե ո՞վ է տերը: Իմ շունն ու կատուն ևս նույնականացված են: Երբ Լատվիայից Երևան եկա, շունս կորավ: Գտնելուց հետո, հաստատել, որ այն իմն է` կարողացա ընդամենը մի քանի վայրկյանում՝ նույնականացման կոդի միջոցով»,-ասում է անասնաբույժ Լիանա Վանագան:
Նշվում է, որ հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։
«Ծրագիրը գրեթե պատրաստ է: Օպերատորը մուտք կգործի և կմուտքագրի տվյալները: Երբ բազայում գրանցված լինի գոնե 3000 կենդանու տվյալ, հնարավորություն կունենանք անդամակցել նաև միջազգային կառույցներին»,-նշում է Գևորգ Նազարյանը:
Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի ոչ այս, ոչ էլ` հաջորդ տարի:
«Հետագայում նախատեսվում է արտոնություներ սահմանել մասնավորապես որդեգրված կենդանիների տերերի համար: Այլ դասակարգումներ ևս կլինեն»,-ասում է Սերգեյ Ապրեսյանը:
Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք:
«Մեր նպատակը ոչ թե գումարներ հավաքելն է քաղաքացիներից, այլ հաշվառման տվյալների ձեռքբերումն է: Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ կենդանի պահելը պատասխանատվություն է ոչ միայն կենդանու, այլև` շրջապատի առջև»,-ընդգծում է Գևորգ Նազարյանը:
Ընդգծվում է` ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն. այս ամենն արվում է և քաղաքացիների, և, իհարկե, կենդանիների համար:
Տեղեկացվում է, որ այժմ խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը, համայնքն էլ իր հերթին է տարբեր ծրագրեր նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձևավորվում են կենդանիներ պահելու նոր մոտեցումներ և ստեղծվում նոր հարմարություններ: