«Ընդունվեցիր՝ գնում ես սովորելու, չընդունվեցիր՝ ծառայելու». իրազեկում-քննարկում՝ տարկետման հիմքերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ընդունվեցիր՝ գնում ես սովորելու, չընդունվեցիր՝ ծառայելու». իրազեկում-քննարկում՝ տարկետման հիմքերի մասին  

2021-10-08 20:02 , Общество, 1070

«Ընդունվեցիր՝ գնում ես սովորելու, չընդունվեցիր՝ ծառայելու». իրազեկում-քննարկում՝ տարկետման հիմքերի մասին

Եթե մինչև 2018 թվականը ՀՀ քաղաքացիներն օգտվում էին ուսման հիմքով տարկետման իրավունքից, ապա 2018-ից հետո ուսման հիմքով տարկետում տրվում է միայն նպատակային ուսուցման դեպքում՝ այն է «Պատիվ ունեմ» ծրագրով, գիտության, կրթության, արվեստի և սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև՝ հիմնական կրթության հիման վրա անընդհատ նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին:

Այդ մասին այսօր հրավիրված իրազեկում-քննարկմանը զորակոչի ենթակա աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Գևորգ Մարտիրոսյանը:

«Կրթության հիմքով տարկետում. երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկման ընթացքում, որը կազմակերպել էր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) և պաշտպանության նախարարությունների (ՊՆ) հետ համատեղ, ներկայացվեցին այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է զորակոչի ենթակա տղաներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու իրավունքը, դիմելու կարգն ու ընթացակարգը:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ Սյուզաննա Սողոմոնյանի ներկայացմամբ՝ 17 տարեկան ՀՀ քաղաքացին տարկետում ստանալու նպատակով ԿԳՄՍ նախարարություն դիմում պետք է ներկայացնի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը, կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ժամանակահատվածներում: Ուսման հիմքով տարկետում տրվում է մինչև 26 տարեկանը:

«Նպատակը ոչ թե քաջալերելն է չծառայել հայկական բանակում, այլ՝ հակառակը. մենք ցանկանում ենք օգնել ձեզ հասկանալ՝ ինչպես կարելի է օգնել հայրենքին և՛ կրթությամբ,և՛ բանակում ծառայելով, փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է համադրել կրթությունը և բանակում ծառայելը: Տղանե՛ր, ամեն դեպքում հայերնիքը ձեր կարիքն ունի»,-քննարկման նպատակը հստակեցրեց Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը:

Իրազեկում-քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, օրենսդրության բաժնի պետը, ապագա դիմորդներ և նրանց հարազատները, ովքեր հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ անմիջապես ոլորտի պատասխանատուներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք՝ Կրթության միջազգային ինստիտուտի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում 2019-2020 ակադեմիական տարում բակալավրիական, մագիստրոսական, հետբուհական պրակտիկայում և կարճաժամկետ ծրագրերում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 328 է:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть